Հովհաննես Թումանյան. ՃԵՐՄԱԿ ՕՁԸ

Մեզանից շատ առաջ մի իմաստուն թագավոր է լինում։ Ոչ մի՛ բան չի մնում նրանից ծածուկ, ամենագաղտնի բաների մասին էլ կարծես թե քամին նրան տեղեկություն էր տալիս։ Էս թագավորը մի տարօրինակ սովորություն է ունենում, ամեն ճաշի, երբ սեղանը վեր են քաղում, ծառան մի ծածկած աման է ներս բերում, ու թագավորը ամանը բաց չի անում, մինչև որ ծաոան էլ չի գնում ու ինքը չի մնում մեն-մենակ։

Էսպես քաշում է բավական ժամանակ։ Մի անգամ էլ էս տանող ծառային էնպես մի հետաքրքրություն է տիրում, որ էլ չի կարողանում ինքն իրեն դիմադրի, ամանը առնում է տանում իրեն սենյակը։ Սենյակի դուռն զգույշ դնում է, ամանի խուփը ետ քաշում։ Տեսնում է միջին մի եփած ճերմակ օձ։ Էլ չի կարենում իրեն պահի, մի կտոր կտրում է դնում բերանը։ Լեզվին է տալիս թե չէ՝ հանկարծ պատուհանի տակիցը մի զվարթ ղըժվըժոց է լսվում։ Ականջ է դնում, տեսնում է ճնճղուկներն են, զրույց են անում, զանազան պատմություններ Են պատմում անտառներից ու դաշտերից։ Դու մի՛ ասիլ՝ էս մեր ծառան օձի միսն ուտելուն պես կենդանիների լեզուն հասկանալու շնորհք է ստացել։

Էնպես է պատահում, որ հենց էդ ժամանակ թագուհու հրաշալի մատանին կորչում է, ու կասկածն ընկնում է էս նույն հավատարիմ ծառայի վրա, որ ամեն տեղ ազատ ել ու մուտք ուներ։ Ասում են՝ կա չկա, սա է գողացել մատանին։

Թագավորը ծառային կանչում է իր մոտ, սպառնում, որ եթե մինչև մյուս օրը գողի անունը չի տա՝ գլուխը կթոչի։ Էս ծառան ինչքան երդում-կրակն է ընկնում, թե ինքն անմեղ է, բան չի դառնում։ Էսպես սպառնալիքով էլ բաց է թողնում ու մինչև մյուս օրը ժամանակ է տալիս։

Ահ ու դողով խեղճը բակն է իջնում, միտք է անում, թե ինչ անի, որ պրծնի էս փորձանքից։

Գնում է տեսնում բադերը բակում ջրափին հավաքված իրար կողք կտրած հանգստանում են։ Տափակ կտուցներով մաքրում են փետուրներն ու մի հետաքրքրական զրույց են անում։ Պատմում են, թե էսօր որը որտեղ է որոնել առավոտը ու ինչ համով կեր է գտել իր համար։ Մինը վեր է կալնում, թե.

— Իսկ ես ագահի նման կուլ տվի թագուհու մատանին, որ պատուհանի տակ ընկած էր, դրանից ստամոքսս մի տեսակ ծանր է, ճնշում է…

Ծառան տեղն ու տեղը վրա է թռչում էս ասող բադի վզիցը բռնում, վազում խոհանոց։ Խոարարին ասում է.

— Հապա մի էս բադը մորթի… բավական գիրացել է…

— Հա՛, ճիշտ ես ասում,— պատասխանում է խոհարարը, ձեռքին ծանր ու թեթև անելով,— ուտելու համար թավական նեղություն է տվել իրեն։ Խորոված անելու ժամանակն է։

Ասում է ու վիզը թռցնում։ Փորն իստակելիս ըհը՝, դուրս է գալիս թագուհու կորած մատանին։

Իհարկե սրանով էլ պարզվում է հավատարիմ ծառայի անմեղությունը։ Բայց որովհետև թագավորն էլ ուզում էր իր մեղքը մի տեսակ քավի, առաջարկում է նրան մի բան խնդրի, ինչ որ սիրտը կուզի։ Խոստանում է՝ պալատական ինչ պաշտոն էլ ուզի՝ տա։

Ծառան հրաժարվում է ամեն պատվից ու պաշտոնից, միայն խնդրում է, որ իրեն մի ձի տա, մի քիչ ծախսի փող, և ազատություն, որ գնա ճանապարհորդի, աշխարհք տեսնի։

Թագավորը համաձայնվում է, ձի էլ է տալիս, ճամփու ծախս էլ. ու մեր ծառան ճանապարհ է ընկնում գնում։

Գնում է, գնում, շատ է գնում թե քիչ, էդ էլ աստված գիտի, մի ջրի ափից անց կենալիս տեսնում է՝ երեք ձուկը, ոնց է եղել, ընկել են ափի ծանծաղուտը, եղեգնուտի մեջ թպրտում են ու անջուր տանջվում։ Թեկուզև ասած է «անխոս ձուկը», սակայն մեր հերոսը պարզ լսում է, թե իրեն տեսնելուն պես ինչպես են խոսում էն ձկներն ու գանգատվում իրենց դառը վախճանի վրա։

Էս որ լսում է, մեղքը գալիս է։ Ձիուց իջնում է, սրանց վեր առնում ետ ածում ջուրը։ Խեղճ կենդանիները ուրախ-ուրախ սուզվում են ջրի տակը, ապա գլխիկները դուրս են հանում ու կանչում. «Մենք քո արած լավությունը չենք մոռանա, ազնիվ տղա. երբևիցե մի օր էլ մենք քեզ պետքը կգանք»։

Երիտասարդը էստեղից վեր է կենում գնում։ Մի քիչ գնում է, մին էլ թվում է, թե հենց իրեն ոտների տակից մի բարակ, նվազ ձեն է գալիս։ Ներքև է նայում, տեսնում է մրջյունների մի բազմություն է ղժվըժում գետնի վրա, ականջ է դնում, որ խեղճերը սարսափած լաց են լինում ու էսպես խոսում….

  1. Բացում ենք դասագիրքն (էջ 117) ու գտնում նշված բառերի ճիշտ ուղղագրությունը, ուղղում արված սխալները:
    Անդրավարտիք, անդրդվելի, աներևույթ, աներեևութանալ, անզգույշ, անզգուշորեն, անզիջում, անէական, անէանալ, անընդհատ, անընդմեջ, անհյուրընկալ, անձամբ, անձեռոցիկ, անցիյալ, անցորդ:

Կսովորես հեքիաթը բանավոր վարժ ներկայացնել կամ կպատրաստես տեսանյութ, որտեղ կներկայացնես այն: